ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ սպասել ԱԲ-ի կողմից նկարահանվող ֆիլմից

Գերմանացի գործարար Ֆաբիան Շտելցերը (Fabian Stelzer) Twitter-ում հրապարակել է մի դրվագ իր առաջիկա գիտաֆանտաստիկ ֆիլմից, որն ամբողջությամբ ստեղծվելու է արհեստական ​​բանականության օգնությամբ։ Շտելցերի կողմից օգտագործված ԱԲ-ներն են հանրային օգտագործման համար հասանելի DALL-E 2-ը, Stable Diffusion-ը և Midjourney-ն, որոնցից մեկն ապահովելու է ֆիլմի պատկերները, մյուսը ձայներն է գեներացնելու, երրորդը պատասխանատու կլինի հատուկ էֆեկտների համար։

Շտելցերի կարծիքով՝ աշխարհը գտնվում է նոր դարաշրջանի շեմին, և նա ցանկանում է լինել դրա առաջամարտիկներից մեկը։ Նրա կարծիքով, արվեստը պետք է վերաիմաստավորվի, և նա որոշել է սկսել կինոյից։ Նրա մտահղացած ֆիլմն ըստ էության նորարարական փորձ է, ընդ որում միանգամից մի քանի հարթություններում։

Առաջին հերթին, Շտելցերը ցանկանում է ստուգել, ​​թե արդյոք նեյրոնային ցանցերն ի վիճակի են իր սցենարի համաձայն ստեղծել լիարժեք ֆիլմ, արդյոք դրանք կկարողանան կատարել նման բարդության մեծ ծավալի աշխատանքն առանց էական թերությունների։

Երկրորդ՝ ֆիլմը բուն սցենար չի ունենալու, նախագծված կլինեն միայն սյուժեի սկիզբն ու ընդհանուր ոճը։ Ենթադրվում է, որ հանդիսատեսը կկարողանա ընտրել կամ կազմել ֆիլմի սյուժետային առանցքը, ըստ որի՝ ԱԲ-ն լիարժեք ֆիլմ կնկարահանի։

Շտելցերն իր ստեղծագործությունն անվանել է «Աղ» (Salt), այն պատմում է ինչ-որ մի մոլորակի վրա տիեզերագնացների արկածների մասին։ Հեղինակը խոստանում է ստեղծել ֆիլմի «ռեժիսորական տարբերակը», բայց, այնուամենայնիվ, հույս ունի, որ գաղափարը կգերի հանդիսատեսին, և բոլոր ցանկացողները կսկսեն տեքստային հրահանգներ կազմել նեյրոնային ցանցերի համար՝ ֆիլմի տարբեր տեսարանների նկարահանման համար։

Թեը ԱԲ-ն չի կարող ինքնուրույն սցենար կազմել, բայց կարող է դառնալ հմուտ ռեժիսոր, ով կիրագործի է մարդկանց անհավանական թվացող գաղափարները։