ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Սթրեսակայունությունը բարձրացնելու լավագույն միջոցը բնությունն է

Ժամանակակից մարդու կյանքը լի է սթրեսային իրավիճակներով։ Այն, թե ինչպես ենք մենք արձագանքում սթրեսին, կախված է մեր սթրեսակայունության մակարդակից: Բայց ի՞նչ է սթրեսակայունությունը ֆիզիոլոգիական տեսանկյունից: Ըստ գիտնականների՝ ուղեղի որոշակի հատվածի՝ նշաձև կորիզի (ամիգդալայի) ակտիվությունն է։ Այսինքն՝ որքան ցածր է դրա ակտիվությունը, այնքան քիչ հույզեր է ապրում մարդը սթրեսի ժամանակ, ինչը նշանակում է, որ նրա դիմադրողականությունը սթրեսային իրավիճակներին ավելի մեծ է։ Բայց ինչպե՞ս նվազեցնել ուղեղի այս հատվածի ակտիվությունը: Գիտնականներին հաջողվել է գտնել այս հարցի պատասխանը։

Հայտնի է, որ քաղաքից դուրս ապրող մարդկանց մոտ ամիգդալայի ակտիվությունն ավելի ցածր է, քան քաղաքում ապրողներինը: Սակայն հարց է առաջանում․ բնության գրկում լինելն է մարդկանց դարձնո՞ւմ ավելի սթրեսակայուն, թե՞ մարդիկ, ովքեր ունեն ամիգդալայի որոշակի առանձնահատկություններ, նախընտրում են ապրել քաղաքից դուրս։ Պատճառահետևանքային կապը բացահայտելու համար Մաքս Պլանկի Մարդկային զարգացման ինստիտուտի (Գերմանիա) գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքները հրապարակվել են Molecular Psychiatry ամսագրում։ Հետազոտությանը մասնակցել են 63 առողջ կամավորներ։ Գիտնականները ուսումնասիրել են նրանց ուղեղի ակտիվությունը ՄՌՇ-ի օգնությամբ: Այնուհետև կամավորները մեկ ժամ զբոսնել են անտառում, ինչից հետո գիտնականները կրկին ուսումնասիրել են նրանց ուղեղի ակտիվությունը և համեմատել զբոսանքից առաջ ստացված արդյունքների հետ։ Պարզվել է, որ գիտափորձի բոլոր մասնակիցների մոտ ամիգդալայի ակտիվությունը նվազել է։

Գիտնականները որոշեցին ստուգել, արդյոք ստացված արդյունքները պայմանավորված են բնության գործոնով․ միգուցե, եթե մասնակիցները քայլեն քաղաքի պողոտաներով, զմայլվելով խանութների ցուցափեղկերով, բարձրահարկ շենքերով և սլացող մեքենաներով, արդյունքը նույնը լինի: Այնպես որ կամավորների ուղեղի ակտիվությունը ստուգեցին նաև քաղաքում զբոսնելուց առաջ և հետո։ Պարզվեց, որ տվյալ դեպքում ամիգդալայի ակտիվությունը չի փոխվում։

Այս հետազոտությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեզ շրջապատող միջավայրն անմիջական ազդեցություն ունի մեր ուղեղի աշխատանքի վրա, այդ թվում՝ հոգեկան առողջության վրա։ Բնության գրկում նույնիսկ կարճատև զբոսանքը նվազեցնում է ամիգդալայի ակտիվությունը, ինչի արդյունքում բարձրանում է սթրեսակայունությունը և կանխարգելվում են այնպիսի հոգեկան խնդիրներ, ինչպիսին է օրինակ դեպրեսիան:

Քաղաքներ նախագծելիս հատկապես կարևոր է հաշվի առնել այս ուսումնասիրության արդյունքները: Քաղաքացիների հոգեկան առողջության համար կարևոր է ապահովել կանաչ տարածքների առկայությունը։ Բացի այդ, դրանք մաքրում են օդը, ինչը նույնպես դրական է ազդում առողջության վրա։